02 Mar ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱՏՆԵՐԸ
Երևանի առաջին լուսանկարչատները բացվել են 19-րդ դարի 80-ական թվականներին:
Արևելյան Հայաստանում գործունեություն ծավալած ամենահին լուսանկարչատներից մեկը համարվում է «Լեոն» լուսանկարչատունը: Ժամանակի մամուլում հաճախ է հանդիպում «Լեոն» լուսանկարչատան գովազդները, որոնցից երևում է, որ Թիֆլիսում գործող այդ լուսանկարչատունը, ամեն տարի եկել է Երևան և լուսանկարել ցանկացողների, իսկ այդպիսիք քաղաքում շատ ու շատ էին։ Ըստ Երևանի պատմության թանգարանի փաստաթղթերի ֆոնդի՝ այդ ուղևորություններից մեկը կատարվել է 1911 թվականի ապրիլին։ Լուսանկարչատունը տեղակայվել է «Ապոլլո» կինոթատրոնի հարևանությամբ գործող Ե.Ջանփոլադյանի թատրոնում։
Բուն Երևանում գործունեություն ծավալած լուսանկարիչների առաջին սերունդը իր գործունեությունը սկսել է դեռ նախախորհրդային շրջանում։ Առաջիններից էին Թարիվերդյանցը, Դադյանցը, Փեշտմալջյանը, Ռուբինյանցը, Քյուրքչյանցը, Դոնկովը, Մելիք-Աղամալյանը, Տեր-Արիստակեսյանը, ովքեր արդի հայ լուսանկարչության հիմնադիրները դարձան: Ըստ վերջիններիս հեղինակած լուսանկարների, որոնցից շատերն այսօր պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում, դրանք հանդիսանում են Երևան քաղաքի հին դեմքը, կոլորիտը, կենցաղն արտացոլող, հնաբնակ երևանցիների վարքն ու բարքը վերամարմնավորող եզակի նմուշներ:
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ