10 Feb ՀԱՐՍԱՆԵԿԱՆ
ԶԳԵՍՏ
Հարսանեկան զգեստ, տոնական զգեստ, որն ընդունված է հարսանեկան կամ պսակադրության արարողության ժամանակ հագցնել հարսին: Զգեստի գույնը, ձևն ու ծիսական նշանակությունը կախված է հարսանիքի մասնակիցների կրոնական ու մշակութային պատկանելությունից։ Արևմտյան մշակույթում հարսը հաճախ հագնում է սպիտակ հարսանեկան զգեստ, որը մեծ ժողովրդականություն է սկսել վայելել Վիկտորյա թագուհու շնորհիվ 19-րդ դարում։ Արևելյան մշակույթներում հարսը հաճախ կրում է կարմիր զգեստ: Բազմազան է հարսանեկան զգեստի ոչ միայն գունապնակը, այլ նաև զգեստը կարելու ոճային լուծումը:
Հարսանիքը երկու մարդկանց, ընտանիքների կամ երկրների միությունն է: Միջին դարերում ազնվականությունն ու հասարակության բարձր խավերը հարսանիքի մասին պայմանավորվելիս առաջնորդվում էին քաղաքական նկատառումներով, հասարակական դիրքով, հարստությամբ, քան սիրով: Հարսին հագցնում էին այնպես, որ հարսանեկան արարողության ժամանակ իր ընտանիքը ներկայացնի առավել բարենպաստ լույսի ներքո: Հարուստ ընտանիքներում հարսի զգեստը կարում էին բացառիկ գործվածքներից, մորթուց:
Դարեր շարունակ հարսի զգեստը պետք է համապատասխաներ նրա սոցիալական կարգավիճակին և նորաձևությանը: Հարսանեկան զգեստը կարելու ժամանակ օգտագործված գործվածքի երկարությունն արտացոլում էր հարսի կարգավիճակն ու ցույց տալիս ընտանիքի հարստության աստիճանը: Հարսի զգեստը կարում էին տարբեր գույների, սպիտակն այնքան էլ տարածված չէր: Ուղղափառ և բողոքական շատ ավանդույթներում սպիտակ զգեստ հագնում էին միայն առաջին անգամ ամուսնանալիս, իսկ ամուսնալուծվածները կամ այրիները պետք է ընտրեին այլ գույն:
Ըստ փաստական վկայությունների՝ հարսանեկան արարողության ժամանակ սպիտակ զգեստ հագած առաջին արքայադուստրը եղել է Ֆիլիպա Անգլիացին 1406 թվականին։ Շոտլանդիայի թագուհի Մարիան սպիտակ զգեստ հագել է 1559 թվականին, երբ ամուսնանում էր Ֆրանսիցկ Դոֆիսի հետ, ով ֆրանսիացի էր։ Սպիտակը Մարիայի սիրելի գույն էր, այդ պատճառով էլ նա հագել է սպիտակ հարսանեկան զգեստ, չնայած սպիտակն այդ ժամանակ սգո գույն էր Ֆրանսիայի թագուհիների համար։
Սակայն նախքան վիկտորական դարաշրջանն սպիտակ հարսանեկան զգեստը մեծ տարածում չուներ։ Հարսը կարող էր հագնել ցանկացած գույնի զգեստ, ընդ որում՝ սևը հատկապես ժողովրդականություն էր վայելում Սկանդինավիայում, որտեղ տիրում էին պուրիտական օրենքները։
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ